Հայ Պատանիի Երդումը Մայրենի Լեզուին. Սիլվա Կապուտիկեան

Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՜յ լեզու,
Դարերի լեռնապարերի վրայով:
Հայկեան նետի սոյլ ու շառաչը կայ քո մէջ,
Աւարայրի վրայ կանգնած աղօթք-աղաղակի սաստկութիւնը:
Դու՝ փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր կանգնած՝
Անկործանելի՜ պարիսպ,
Զուարթնոց տաճարի չեղծուած, չաւերակուած սկզբնապատկեր,_

Երդւում եմ՝
Ծնունդովս կամո՜ւրջ դառնալ քո դարեդար անցումին,
Քար դառնալ քո պարսպացեալ ամրութեանը,
Աղօթարա՜ր լինել քո սրբազնագոյն տաճարին։


Երդւո՛ւմ եմ։

Դո՛ւ գողթան կրակուած գուսաններից ի՜նձ հասած
Մոխրաթաթախ անթեղ,
Ժամանակի ժանգը չբռնող՝ ոսկեդարի՜ ոսկի,
Դաւթի իմաստուն պայծառութիւն
Եւ Մհերի իմաստնագոյն խռովք,
Նարեկացու տիեզերածաւալ ալեկոծում
Եւ Քուչակի վարդաշաղախ սիրերգութիւն,
Եղիշէից Եղիշէ ձգուող անհուն մաքառումի զօրաւոր զրինգ,

Երդւում եմ՝
Շուրթերովս բորբո՜ք պահել քո վահագնաբոց կրակը,
Շքանշանի՛ պէս կրել քո ոսկին,
Լցուել քո լոյսով ու քնքշութեամբ, ինչպէս վաղորդայնի օդով,
Զրահաւորե՜լ հոգիս քո արի գեղեցկութիւններով։
Երդւո՛ւմ եմ:

Դո՛ւ հայրերիս քրտինքին շաղախուած՝
Սեւահողի պէս ազնիւ հորովել
Եւ մայրական կաթնաբո՜յր մրմունջ.
Դու՝ բիւրաւոր նահատակների վերջին հառաչի հետ
Ինձ աւանդուած պատգամ,
Օտարութեան բիրտ ալիքների միջից՝
Ի՛նձ կանչող, ի՛նձ ապաւինող հարազատ:
Դու՝ հոգեդարձ իմ ժողովրդի նորածնութեան նուիրական ճիչ,
Արարման եւ ստեղծումի աշխարհալո՜ւր ղօղանջ,

Երդւում եմ՝

Պահպանել քեզ որպէս սերնդէ-սերունդ փոխանցած
Եւ ինձ վստահած՝ տոհմական սրբութիւն,
Նուիրումովս լրացնե՜լ քո մասունքանման կորուստները,
Նորոգել քո մագաղաթեայ ազնուականութիւնը
Նոր ժամանակների հիւթ ու աւիշով.
Քեզնով արտասանել միայն արդարութեա՛ն խօսքեր:
Երդւում եմ կրել քեզ շնչո՛վս, արիւնո՛վս, այրումո՛վս
Եւ ինձնով տանել-հաղորդե՜լ զաւակներիս
Քո յաւերժական կենդանութիւնը:
Երդւո՛ւմ եմ:

1966թ.
Սիլվա Կապուտիկեան

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...