Բաշ Ապարանի Եւ Ղարաքիլիսայի Յաղթանակը

Հարիւր տարի առաջ, Մայիս 25, 1918ին, թրքական զօրքերը հասած էին արդէն Բաշ Ապարան եւ Ղարաքիլիսա (ներկայիս Վանաձոր)՝ հարուածելու համար Երեւանը։ Մէկ օր առաջ Սարդարապատի յաղթանակէն ետք, Թուրքը նոյն ճակատագրին պէտք էր ենթարկել նաեւ այս երկու ճակատներուն վրայ։ Թուրքերուն կը սպասէին երկու հարուածող բազուկներ – ԴՐՈՆ՝ Բաշ Ապարանի մէջ, ՆԺԴԵՀԸ՝ Ղարաքիլիսայի մէջ։

Կացութիւնը անյուսալի ու վտանգաւոր կը թուէր։ Պէտք էր հրաշք՝ կասեցնելու համար յառաջացող թուրք բանակը։ Այդ հրաշքը իրագործեցին Հ. Յ. Դաշնակցութեան հարուածող բազուկները՝ Դրոն եւ Գարեգին Նժդեհը։

Գարեգին Նժդեհի Վանձորցիներուն ուղղած կոչը ի զօրու էր նաեւ Բաշ Ապարանի կտրիճներուն։ Եւ մեծ սպարապետը ըսաւ Վանաձորցիներուն.- « Իմացէք, մեծ ժողովրդներն էլ ուժեղներին են պաշտպանում: Թոյլերին տէր կանգնողներ չեն լինում: Վարդանանց սուրբ պատերազմի ժամանակ այս նոյն խօսքերով էր դիմում քաջ Վարդանն իր զօրականներին: Հիմա ես կրկնում եմ նրա խօսքերը եւ կոչ եմ անում. մահ կամ ազատութիւն: Ուրիշ ճանապարհ չկայ։»

Հետեւելով Դրոյին եւ Գարեգին Նժդեհին, հայկական ուժերը գացին դէպի մահ՝ նուաճելու համար ազատութիւնը։ Գործեցին հրաշքը։ Կասեցուցին թրքական արշաւանքը։

–––––––––––––––––––––––––––

Ստորեւ Գարեգին Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) հայութեան.-

«Սիրելի ժողովուրդ, թանկագին եղբայրներ եւ քոյրեր, թեժ կռիւների բովով անցած իմ զինակիցներ… Թշնամին ոտնատակ անելով Անդրկովկասեան հաշտութեան պայմանագիրը յարձակուել է Ալեքսանդրապոլի խաղաղ բնակչութեան վրայ: Թուրքական հրոսակները Լենկթեմուրի, Չինգիզ խանի եւ միւս բարբարոսների օրինակով արշաւում, մահ ու աւեր են տարածում մեր հայրենիքի վրայ… Այս րոպէիս էլ լսւում են սրախողխող արուածների հառաչանքները… Ռուսական զօրքը նահանջել է, ռուսները հեռու են մեզանից, Ռուսաստանում դրութիւնը խառն է, խառնաշփոթութիւն է նաեւ նրանց ղեկավարութեան մէջ, նրանք չեն կարող մեզ օգնութեան գալ… մեր առաջ թուրքերն են, Ադրբեջանը՝ մինչեւ ատամները զինուած… Այս բոլորից օգտուելով՝ թուրքերը անարգել արշաւում են եւ իրենց ետեւից թողնում կոտորած, աւերածութիւն… Նրանք այժմ արշաւանք են ծրագրում դէպի Երեւան, դէպի մեր սուրբ Էջմիածինը… Թուրքերը որոշել են ֆիզիկապէս ոչնչացնել մեր սուրբ հաւատը, աշխարհի երեսից ջնջել հայ անունը: Բայց, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, միթէ՞ մենք թոյլ կտանք մեզ հետ այդպէս վարուել: Ոչ, հազար անգամ ոչ: Մենք մեր արիւնով կը պաշտպանենք մեր հայրենիքը: Միթէ՞ մեր երակներում չկայ Վարդան Մամիկոնեանի, Մեծն Տիգրանի, Աշոտ Երկաթի ու միւս քաջերի արիւնից գէթ մի կաթիլ:

«Ես համոզուած եմ, որ եթէ մենք համախմբուենք, դեն նետենք վախն ու յուսահատութիւնը, շատ կարճ ժամանակում ոչ միայն կը կանգնեցնենք թշնամու առաջխաղացումը, այլեւ կը գրաւենք մեր կորցրած տարածքները, մեր պատմական քաղաքներն ու գիւղերը… Սիրելի ժողովուրդ, ես լաւ եմ ճանաչում տաճիկներին, Բուլղարիայում մասնակցել եմ բուլղարների ազատագրական պայքարին թուրք բարբարոսների դէմ… Բաւական է մի ուժեղ հարուած, եւ թուրքերը կը բռնեն փախուստի ճանապարհը, ինչպէս այդ եղաւ Բուլղարիայում… Այն ազատագրուեց տաճկական լծից, մենք ինչո՞վ ենք պակաս բուլղարներից… Ես հաւատում եմ մեր ուժին, եւ մենք կը յաղթենք առանց ռուսների, առանց ուրիշ ուժերի: Միայն հարկաւոր է սթափուել: Ով զէնք չունի՝ թող վերցնի, ով ձի չունի՝ գտնի, ես կառաջնորդեմ ձեզ դէպի Սուրբ պատերազմ: Եթէ մենք ձեռներս ծալած նստենք սպասենք, որ ռուսը կամ անգլիացին մեր փոխարէն կռուեն եւ մեր հողերը մեզ վերադարձնեն՝ ոչինչ չենք հասնի: Իմացէք, մեծ ժողովրդներն էլ ուժեղներին են պաշտպանում: Թոյլերին տէր կանգնողներ չեն լինում: Վարդանանց սուրբ պատերազմի ժամանակ այս նոյն խօսքերով էր դիմում քաջ Վարդանն իր զօրականներին: Հիմա ես կրկնում եմ նրա խօսքերը եւ կոչ եմ անում. մահ կամ ազատութիւն: Ուրիշ ճանապարհ չկայ:»

 

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...