Ներբող Մայրենի Լեզուին. Վահագն Դաւթեան

 

Դու՝ սէր առաջին, առաջին մորմոք, առաջին աղօթք,
Որ տառապանքով փոխուեցիր բառի ու դարձար լեզու…
Ու երբ «Հայրենիք» անունը տուինք հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ…
Եւ դու դարեդար մեզ շնորհեցիր կանչը քո արեան,
Համը քո հացի, եռքը քո գինու, ցոլքը քո հրի,
Տուիր պղնձէ այս քարափների կռինչը վայրագ
Ու քնքշութիւնը լացող մամուռի։
Մեզ նաւասարդեան առաւօտների լոյսով օծեցիր
Եւ մկրտեցիր առասպելների ուժ ու զօրութեամբ,
Աստուածների հետ քո Աստուածային լեզուով խօսեցիր,
Ոսոխների հետ՝ որոտով քո բամբ։
Ու մենք դարձրինք քեզ երդում, ոգի, դարձրինք Աստուած
Թէեւ գիտէինք, որ Աստուածները զոհ են պահանջում,
Եւ Աւարայրում ընկանք արնաքամ, ընկանք ծուատուած,
Բայց չզիջեցինք եւ ոչ մի հնչիւն։
Ու երբ փուլ եկաւ մեր կամարների թռիչքը հպարտ,
Կամար ոգեղէն՝ դու մեր ոգու հետ յարատեւեցիր,
Երբ սիւները մեր ծնկները ծալած ընկան դիտապաստ,
Դու՝ սիւն հրեղէն, երկինք թեւեցիր:
Երբ ողկոյզը մեր առան արշաւող սմբակների տակ,
Գինի սրբազան՝ մեր շրթունքները դու համբուրեցիր,
Ու երբ խլեցին ու խափանեցին թոնիրը մեր տաք,
Դու՝ հաց անսպառ, նորից բուրեցիր։
Եւ մենք քեզ համար, մեր մեսրոպատառ, խորհուրդ մեր խորին,
Եւ մենք քեզ համար, մեր մեծասքանչ, մեր ոսկեղէնիկ,
Ելանք ազգովին, բռնեցինք ահեղ ճամբան Տէր-Զօրի,
Մեր կէսը տուինք, բայց քեզ չտուինք։
Քանզի գիտէինք, որ քեզ սրբօրէն կոչել մայրենի,
Քեզանով ենք մենք դարեդար հառնել, առել շունչ ու կեանք
Ու թէ քեզ դաւենք, ուրեմն չունենք հող ու հայրենիք,
Ու թէ քեզ դաւենք, ուրեմն չկանք։
Եւ հիմա, հիմա, անթեղի նման քեզ պիտի տանենք,
Քեզ պիտի տանենք իբրեւ հրդեհից ազատուած մանկան,
Հողմերից փրկուած կանթեղի նման քեզ պիտի տանենք
Եւ տանենք իբրեւ երդում ու պատգամ։
Եւ տանենք պիտի իբրեւ առաջին հաւատ ու աղօթք,
Եւ տանենք պիտի իբրեւ սրբազան հաց, գինի ու հուր…
Եւ յիշենք, որ երբ «Հայրենիք» ասինք հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ:

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...